Գլխավոր / «Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Դերասան Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն այլեւս կայք ունի՝ boheme-theater.am: Այս մասին հայտնում են թատրոնի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ կայքի ստեղծման նպատակը հանդիսատես-թատրոն կապի սերտացումն է. հարթակի շնորհիվ մարդիկ կտեղեկանան ներկայացումների մասին, ինչպես նաեւ կկարողանան օնլայն տոմսեր ձեռք բերել: Ասվում է նաեւ, որ հայաստանյան մշակութային ասպարեզում ոչ մի թատրոն դեռեւս հանդես չի եկել նման նորարարությամբ: Այս մասին խոսել է նաեւ Դուրյանը:

«Ամբողջ աշխարհում բոլոր թատրոններն ունեն կայքեր, որոնցով հնարավոր է ոչ միայն ծանոթանալ տվյալ թատրոնի խաղացանկին, այլեւ օնլայն տոմսեր ձեռք բերել: Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է: Այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց համացանցի, գովազդի, սոցիալական կայքերի: Եվ այս առումով կարծում եմ, որ կայքի ստեղծումը շատ ճիշտ քայլ է: Հայաստանում դեռեւս թատրոնների կայքերի միջոցով հնարավոր չէ տոմսեր ամրագրել, պատվիրել: Մենք Հայաստանում առաջինն ենք, որ կիրառել ենք նաեւ այդ տեխնոլոգիան: Հուսով եմ, որ բոլոր թատրոնները կհետեւեն մեր օրինակին»,- ասել է Նարեկ Դուրյանը:

Դերասանը նաեւ պատմել է իր առաջիկա ծրագրերից: Ապրիլի 26-ին նա դառնում է 60 տարեկան եւ այժմ աշխատում եմ իր 60-ամյակի ներկայացման վրա: Պատրաստվում է մոնոներկայացում անել, որի մեջ ներգրավված է լինելու նաեւ նվագախումբ: Դուրյանը ներկայացնելու է այն ամենը, ինչ զգացել է 60 տարիների ընթացքում: Պատմելու է այն մասին, թե ինչ է կարողացել անել, ինչում է հաջողել կամ չի հաջողել: