Home / Նարեկ Դուրյան. «Դերասաններն ամուսնանում են հանդիսատեսի հետ»

«Իմ կնոջ անունն է Մորիս»` այսպես է կոչվում Նարեկ Դուրյանի բեմադրած նոր կատակերգությունը, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է։ Երեկ՝ հունիսի 7-ին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել առաջնախաղը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։

Զավեն Աբրահամյանը, Նարեկ Դուրյանը եւ Ռաֆայել Երանոսյանը


Երկու ժամ տեւողությամբ եւ մեկ գործողությամբ ներկայացումը կին-տղամարդ հարաբերությունների, սիրո ու դավաճանության մասին իրավիճակային կատակերգություն է։ Ֆրանսիական ոճով գրված պիեսը Նարեկ Դուրյանն ադապտացրել է ու հայկականացրել` կերպարների անուններից, խառնվածքից մինչեւ տեղանուններ։ Ըստ սյուժեի՝ հերոսները հայտնվում են զավեշտալի իրավիճակներում, երբ Մորիս անունով տղամարդն այցելում է մի տուն, որտեղ ամուսնու սիրուհին այդ պահին պատրաստվում է գալ եւ  կնոջը պատմել իրենց կապի մասին։ Ռազմիկը՝ ամուսինը, Մորիսին խնդրում է հագնել զգեստ, որպես իր կին ներկայանալ, նրա պես խոսել ֆրանսահայի ակցենտով ու տնից դուրս հանել սիրուհուն։ Այստեղից էլ զարգանում են գործողությունները։


«Իմ կնոջ անունն է Մորիս»-ի դերասանական կազմում են Նարեկ Դուրյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գալստյանը, Տաթեւ Միրումյանը, Զավեն Աբրահամյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Գոհար Կարապետյանը:  Ներկայացման պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը: 

«Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման պրեմիերային


Պրեմիերայից հետո Նարեկ Դուրյանն իր գործընկերներից շնորհավորանքներ էր ստանում, դիտողներից մեկի գովասանքին, թե փայլուն ներկայացում է, բեմադրիչը հակադարձել է.«Դե, փայլուն չի, մոտ 10 ներկայացում պիտի խաղանք։ Լավ ընդունվեց, բայց ինձ համար դեռ չափանիշ չէ. շատ թերություններ կան, որ պիտի շտկենք։ Ամեն ներկայացում «ամուսնություն» է. դերասաններն ամուսնանում են հանդիսատեսի հետ, այս պարագայում կարեւոր չէ՝ ով է տղամարդը, ով՝ կինը:)։ Ո՞նց կարող է զույգն ամուսնանա ու միանգամից ամեն ինչ լավ լինի, դեռ պետք է իրար ճանաչենք», - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է բեմադրիչը։

Այդուհանդերձ, նա գոհ է դերասանական կազմից.«Երեխեքի աշխատանքը լավ էր: Դժվար պիես է, խաղալիս պիտի ուշադիր լինես, որ վուլգարության չհասնի, հումորներ անելիս չափը չանցնես»։

«Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման պրեմիերային


«Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսի հեղինակը ֆրանսահայ Րաֆֆի Շարտն է, որը բազմաթիվ պիեսների հեղինակ է։ Նարեկ Դուրյանի խոսքով՝ իմանալով, որ այս գործը մեծ մասսայականություն է վայելում, որոշել է հայկականացնել եւ Երեւանում բեմադրել.«Փարիզում 1 տարվա ընթացքում մոտ 1 միլիոն հանդիսատես է ունեցել, ինչը թատերական ներկայացման համար լուրջ ցուցանիշ է։ Այն բեմադրվել է 50-ից ավելի երկրում»։
  
Թե ինչ ավարտ է ունենում կատակերգությունը եւ որքանով է հաջողված, կարող եք անձամբ գնահատել. ներկայացումը թատրոնի խաղացանկում է։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/