Գլխավոր / «Սիրո մենյու». Նարեկ Դուրյանի հոբելյանական նվերն` իր հանդիսատեսին

Ապրիլի 26-ին բեմադրիչ, կատակերգու, դերասան և ուղղակի լավ մարդ Նարեկ Դուրյանը դարձավ 60 տարեկան: Հոբելյանն, ավանդույթի համաձայն, իր տարեդարձին ինքն է նվեր մատուցում հանդիսատեսին նոր մոնոներկայացում՝ «Սիրո մենյու»։ Նոր կատագերգության հեղինակը, բեմադրիչն ու միակ դերակատարը հենց Դուրյանն է, առաջնախաղն էլ տեղի ունեցավ «Բոհեմ» թատրոնում։

Կատակերգությունը համեմված է Դուրյանական թեթև, բայց խորիմաստ հումորով, որը լի է իրական ու անձնական պատմություններով, հետաքրքիր երաժշտական համարներով, որոնց ձևավորումը ևս դերասանինն է:

 

Դուրյանը մարդկանց համեմատեց տիկնիկների հետ.

 

« Ինչպես կյանքում, այնպես էլ թատրոնում նոր տիկնիկների պահանջարկն է մեծ, որոնք շարժվելիս չեն ճռճռում։ Երբեմն ներկայացումից հետո ես ուժասպառ նստում եմ, իսկ երիտասարդները խոսում են, քննարկում։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ մի քիչ նախանձով նայում եմ այս խենթուկներին և հիշում ինձ այս տարիքում։ Նայում եմ նրանց և ասում, որ ամեն տարիք իր խենթությունն ունի։ Վիճեք, քննարկեք և ստեղծագործեք, իսկ ծափահարություններ ստանալու համար էլ՝ ծափահարեք ուրիշներին»,- ասաց Դուրյանը ներկայացման ավարտին։

«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը և թատրոնի դերասանական ամբողջ կազմը բեմ բերեցին հոբելյարի տորթն ու նվերը՝ գիրք Դուրյանի բոլոր ներկայացումների մասին:

Նա իրեն բնորոշ անմիջականությամբ զրույցի բռնվեց ներկաների հետ՝ լսելով շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:

Նշենք, որ Նարեկ Դուրյանի 50-ամյակի կապակցությամբ հանդիսատեսի դատին էր ներկայացվել «Սե լա վի», իսկ 55-ամյակին՝ «Կոմա Նոստրա» ներկայացումները:

Արմինե Բրսոյան