Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը, ով իր հոբելյանական տարեդարձերը սովորաբար նշում է նոր ներկայացումների պրեմիերաներով, այս տարի էլ որոշել էր ավանդույթը չխախտել եւ իր հիմնադրած թատրոնի բեմից ընկերներին պատմել, թե ինչ է զգում ու մտածում 60 տարեկանում: Մի պահ պատկերացրեք՝ աշխարհում կա այնպիսի մի վայր, որտեղ ձեզ կարող են սիրո մենյու առաջարկել: Չէ՞ որ սերը միայն կնոջ եւ տղամարդու միջեւ չի լինում. սերը կարող է լինել մասնագիտության, հայրենիքի, սեփական եսի, համեղ ուտեստների եւ նույնիսկ վատ սովորությունների նկատմամբ: Այսինքն՝ սիրո բազմաթիվ դրսեւորումներ կան, եւ սեր հասկացությունն էլ ինքնին հարաբերական է: Այս մասին է պատմում Նարեկ Դուրյանի նոր՝ «Սիրո մենյու» մոնո կատակերգությունը, որի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
«Բոհեմ» թատրոնի բեմում Նարեկ Դուրյանը հայտնվեց խամաճիկի կերպարով՝ իբրեւ մի տիկնիկ, որը ցանկանում է ազատվել իրեն պահող կապանքներից ու ստեղծագործել ազատորեն: Ներկայացման ընթացքում նրան երբեմն օգնում էին թատրոնի երիտասարդ դերասանուհիները, բայց գլխավոր դերում ինքը՝ Նարեկ Դուրյանն էր: Նա մոտ երկու ժամ խոսեց, կատակեց ու տխրեց հանդիսատեսի հետ, որի շարքերում հիմնականում հրավիրված հյուրեր էին՝ դերասանի ընկերներն ու հարազատները: Հենց այդպես էլ անցնում են Դուրյանի ներկայացումների առաջնախաղերը. բեմադրվում են ընկերների համար, սակայն շուտով դառնում են խաղացանկային եւ տարիներ շարունակ ներկայացվում հանդիսատեսին:
«Գիտեք, երբ սիրահարվում ես որեւէ մեկին, եւ այդ սերը փոխադարձ չի լինում, դա դեռ այդքան հուսահատեցնող ու ցավոտ չէ, որքան անպատասխան սերը, օրինակ, մասնագիտությանդ հանդեպ... Նման մտքեր կային գլխումս, եւ գաղափար առաջացավ 60-ամյակիս ընդառաջ մի ներկայացում բեմադրել ու հանդիսատեսին պատմել, թե ինչ եմ մտածում ու զգում ես հիմա: 50-ամյակիս առիթով բեմադրել էի «Սե լա վի» ներկայացումը, իսկ 55-ամյակիս՝ «Կոմա նոստրա»-ն: Դահլիճն է դատավորը. նա պետք է որոշի՝ ներկայացումը կդառնա խաղացանկային, կսիրվի, թե՝ ոչ: Բարեբախտաբար, նախորդ դեպքերում ներկայացումներս ապրել են հինգ, տասը եւ ավելի տարի: Ես այդ մասին չեմ էլ մտածում, պարզապես որոշել եմ այսօր խոսել ընկերներիս հետ»,- մեր զրույցում անկեղծացավ դերասանը:
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե որն է համարում անցած 60 տարիների իր ամենամեծ ձեռքբերումը: Փոքր-ինչ մտածելուց հետո Նարեկ Դուրյանն ասաց՝ լեցուն դահլիճներ ունենալը.«Դրանից ավելի մեծ ձեռքբերում չի կարող լինել»:
Ներկայացման ավարտին «Բոհեմ» թատրոնի անձնակազմը գեղեցիկ անակնկալ մատուցեց դերասանին՝ մեծ տոնական տորթի եւ նոր հրատարակված գրքի տեսքով: Վերջինիս մեջ տպագրված էին Նարեկ Դուրյանի հինգ թատերախաղերը՝ որպես պիեսներ: Եթե դուք նույնպես ցանկանում եք դերասանի զրուցակիցը դառնալ այս ներկայացման շրջանակում, ապա նշենք, որ հաջորդ «Սիրո մենյու»-ն կմատուցվի նաեւ մայիսին՝ Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնում, որտեղ նա աշխատում եւ ստեղծագործում է որպես «ազատ տիկնիկ»՝ առանց ավելորդ թելերի ու կապանքների...
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/